ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ժողովուրդն այն «Զորաց քար» է անվանել

Ժողովուրդն այն «Զորաց քար» է անվանել
02.10.2009 | 00:00

Սիսիան քաղաքի մոտակայքում կա խորհրդավոր քարերի մի խումբ: Առաջին հայացքից մեր լեռնային երկրի լոկ մի մասնիկը թվացող այս քարափունջը դարերի պատմություն ունի: Այն իր առեղծվածային լռությամբ շարունակ գրավել է մարդկանց, իսկ հատկապես վերջին տասնամյակներում` գիտնականների ուշադրությունը: Այստեղ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, աղմկահարույց բացահայտումներ արվել, սակայն բազում հարցերի պատասխաններ դեռ այդպես էլ անհայտ են մնացել: Սա մի վայր է, որի նշանակության և նախնական բնակիչների մասին որևէ գրավոր տեղեկություն չի պահպանվել: Անգամ սկզբնական անունն է դեռևս անհայտ: Ժողովուրդն այն «Զորաց քար» է անվանել` այս քարերին վերագրելով գերբնական զորություն:
Այդ նկատառումով մարդիկ այստեղ են բերել բազմաթիվ հիվանդների, տկարների, չբեր կանանց, քանզի համոզված են եղել, որ այս քարերը բժշկելու, մարդուն զորացնելու հատկություն ունեն: Ոմանք էլ, քարերի այս շարասյունը նմանեցնելով զինվորների, այն անվանել են «քարե զորք»: Մինչդեռ մոտակա շրջանի բնակիչները, հավանաբար, մոտակա պատմական Քարահունջ գյուղի անվանումը վերցնելով, այն կոչել են Քարահունջ: Այս վայրն այսպես է անվանել նաև աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանն իր գիտական ուսումնասիրություններում: Նրա` Մեծամորի աստղադիտարանը հայտնաբերելուց անմիջապես հետո Քարահունջի քարերը հաստատել են նրա այն կանխավարկածը, ըստ որի` Հայաստանը հնագույն աստղագիտական երկիր է: Քարահունջի առաջին աստղագիտական ուսումնասիրությունը Է. Պարսամյանն իրականացրել է 1983-ին, որին այնուհետև հաջորդել են երկրորդ` 1987 թ. ուսումնասիրությունները` Ալեքսանդր Բարսեղյանի հետ համատեղ: Պետք է նշել, որ «Քարահունջ» բառը չափազանց հետաքրքիր ստուգաբանություն ունի: Այն բաղկացած է երկու արմատներից` «քար» և «հունջ»: Առաջին արմատի իմաստը լիովին հասկանալի է, մինչդեռ երկրորդ արմատի նշանակությունը մինչ օրս անհայտ է: Կարծիք կա, որ երկրորդ արմատը պետք է կարդալ ոչ թե «հունջ», այլ «հունչ», այն է` «հնչող քարեր»: Մեկ այլ վարկածի համաձայն` հնարավոր է, որ «հունջը» «փունջ» բառի տարբերակը լինի (Սիսիանի բարբառով «հունջ» նշանակում է «փունջ»), այսինքն` «քարերի փունջ»: Սակայն որն էլ լինի ճիշտ անվանումը, այս քարերը հնագույն աշխարհի ամենախորհրդավորների շարքում են և արժանի են ստանալու համաշխարհային ժառանգության վայրի կարգավիճակ: Քանզի առայսօր կատարված գիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ այս քարափունջը ոչ թե պարզապես քարերի մի խումբ է, այլ աշխարհին հայտնի ամենահին աստղադիտարաններից մեկը:
Հուշարձանային այս կառույցը բաղկացած է մոտ 3 մետր բարձրություն ունեցող 222 քարերից, որոնցից 84-ի վրա կան իրենց ձևով և դասավորությամբ կառույցի աստղագիտական կենտրոն լինելու մասին վկայող ողորկ տաշած դիտանցքեր: Այդ քարերը որոշակի տեսակի աստղադիտական գործիքներ են, որոնց վրա բացված դիտանցքերն ուղղված են հորիզոնում Արևի ծագման և մայր մտնելու կետերին: Նույնատիպ քարեր են եղել Լուսնին և երկնքի ամենապայծառ աստղերին հետևելու համար: Իսկ քարերից մեկը (թիվ 137) ժամանակին, հնարավոր է, ունեցել է փորված շրջադիտակ և սաղր գավաթ: Կարծիք կա, որ այն պերիսկոպի (periscope) դեր է կատարել: Այս քարերի միջոցով հնարավոր է եղել կատարել աստղագիտական շատ դիտարկումներ և համապատասխան եզրահանգումներ անել, օրինակ` աստղաբաշխական տարվա սկզբի, արևի և լուսնի խավարումների ժամանակի և այլ պարբերական երևույթների մասին: Ցավոք, ժամանակի ընթացքում այս քարերի մի մասը կոտրվել, տեղաշարժվել կամ տապալվել է գետնին` կորցնելով իր նախնական տեսքը:
Չնայած Քարահունջը դարերի պատմություն ունի, ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում այն հայտնվել է հատկապես վերջին տասնամյակներում (խորհրդային տարիներին այս համալիրը բավականաչափ չի ուսումնասիրվել): Այդ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են արտասովոր մեծ չափսերի դամբարաններ, որոնք դարեր շարունակ թաքնված են եղել հողի շերտերի տակ: Որոշ հնագետներ կարծում են, որ քարերն ու դամբարանները նույն ժամանակաշրջանին են պատկանում, մյուսներն ասում են, որ դրանք տարբեր ժամանակներում են կառուցվել` ամենայն հավանականությամբ քարերը նախորդել են դամբարաններին: Այս դամբարաններում հայտնաբերված գտածոները պատկանում են վաղ բրոնզի դարին, իսկ դամբարանները թվագրվում են վաղ կամ միջին բրոնզի դարով (Ք.ա. 2000-1800 թթ.): 1980-ականներին հնագետ Օնիկ Խնկիկյանի գլխավորությամբ կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են կենտրոնական դամբարանը և մի քանի այլ դամբարաններ` համալիրի արևմտյան հատվածում: Ք.ա. 1-ին հազարամյակով թվագրվող երկու սրահներից բաղկացած հսկայական դամբարանը ծածկված է եղել քարերով: Ի դեպ, միակ հյուսիսային մուտք ունեցող դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերված օջախի մնացորդները և կենցաղային այլ իրերը խոսում են այն մասին, որ միջնադարում այդ դամբարաններն իբրև կացարան են օգտագործվել մարդկանց կողմից: Այստեղ կատարած ուսումնասիրությունների հիման վրա Օնիկ Խնկիկյանը վկայել է, որ այս բնակատեղին գոյացել է Ք. ա. 3-2-րդ հազարամյակում: Ցավոք, ժամանակի ընթացքում այս դամբարանների մեծ մասը թալանվել է, ուստի այս հնավայրի մշակույթը բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրություններ կատարել Քարահունջից 2 կմ հարավ գտնվող գերեզմանատանը, որոնց ընթացքում հայտնաբերվել են հնադարյան գործիքներ, գունավոր խեցանոթների բեկորներ և այլ իրեր (այդ իրերը պահվում են Սիսիանի պատմագիտական թանգարանում): Այդ գտածոները, որոնք բնորոշ են, այսպես կոչված` «Սևան-արցախյան» մշակույթի վաղագույն` Ք.ա. 13-րդ դարի կեսերով թվագրվող շրջանին, մեծապես օգնել են գիտնականներին տվյալ ժամանակաշրջանի մշակույթին առնչվող շատ հարցերի պատասխաններ տալ:
Քարահունջ-աստղադիտարանի ուսումնասիրությունների ասպարեզում հատկապես անգնահատելի են հայտնի գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած աշխատանքները: Նա 1990-ական թվականներից ի վեր Զորաց քարերն ուսումնասիրելու նպատակով ամեն տարի գիտական արշավներ է կազմակերպել` առաջ քաշելով հետաքրքիր գիտական տարբեր վարկածներ, ինչպես նաև անժխտելի փաստերով մեկ անգամ ևս ապացուցել է «Քարահունջի» հնագույն աստղադիտարան լինելը` նրան տալով մոտ 7,5 հազար տարվա վաղեմություն, ինչն ապշեցուցիչ հայտնագործություն էր, քանզի նշանակում է, որ Քարահունջը աշխարհին հայտնի ամենահին աստղադիտարանն է: Անշուշտ, իր ժամանակին Հերունու այս բացահայտումը ոմանք խիստ քննադատեցին։
Հերունին, քաջատեղյակ լինելով երկրագնդի պտտման օրենքներին, այն է` հիմք ընդունելով աստղերի այսօրվա դիրքը (կարելի է հաշվարկել ցանկացած աստղի դիրքը, օրինակ, հինգ կամ տասը հազար տարի առաջ), պարզել է, թե որ աստղերն են Զորաց քարերի անցքերից տեսանելի եղել: Ըստ հայ գիտնականի` առաջինը Քարահունջի զենիթում հայտնվել է Դենեբը՝ Կարապի համաստեղության ամենապայծառ աստղը: Հետո հայտնվել են ևս երեք լուսատուներ` Արկտուրուսը, Վեգան և Կապելլան: Սակայն այս տեսակետը հակասական և խիստ վիճարկելի է թե՛ հնագետների և թե՛ աստղահնագետների կողմից: Քննադատները նշում են, որ հազարավոր տարիների ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի, բնական տեղաշարժերի և քարերի ոչ անխաթար վիճակի պարագայում անհնարին է հստակ որոշել, թե որ քարերով որ աստղերը կարելի էր տեսնել:
Հերունու մյուս վարկածներից մեկն էլ կապված է Կենդանակերպի (Zodiak) ծագման վայրի հետ: Նա ենթադրում է, որ Երկինքն առաջին անգամ 12 համաստեղությունների է բաժանվել հենց Հայաստանում: Աշխարհի շատ գիտնականներ համամիտ են այս վարկածի հետ: Ըստ անգլիացի աստղագետ Վ. Տ. Օլքոտի` հին Հայաստանը միակ վայրն էր, որտեղ Կենդանակերպի բոլոր նշանները պատկերված էին միասին: Իսկ Մաունդերը գրում է, որ հին եգիպտացիները, որոնք իրենց հուշարձանների վրա պատկերել են Զոդիակի բոլոր նշանները, խոստովանում են, որ աստղերի մասին իրենց գիտելիքները ստացել են խալդերից: Իսկ ինչպես հայտնի է, խալդերը նույն հայերն են՝ ուրարտացիների նախնիները:
Ի դեպ, Զորաց քարերի մեջ կա մեկը, որն իր ուրվագծով Խոյ է հիշեցնում: Խոյը հայերի մոտ հայտնի է իբրև Արևի և Ար աստծու խորհրդանիշներից մեկը: Ըստ հայ գիտնականի` հենց այդ պատճառով էլ Կենդանակերպի մեջ առաջինը նշվում է Խոյի համաստեղությունը:
Պետք է նշել, որ այս զարմանալի կառույցի` Քարահունջի նպատակա-կիրառականության կապակցությամբ այլ տեսակետ էլ կա, համաձայն որի` այն կրոնական, գիտական կենտրոն է եղել: Եվ դա չի բացառվում, քանզի հնում գիտելիքները և, մասնավորապես, աստղագիտական գիտելիքները ձեռք էին բերվում կրոնի շրջանակներում: Հայտնի է, որ հնում որպես աստղադիտարան ծառայել են Արևի պաշտամունքի տաճարները, որտեղից մարդիկ հետևել են երկնակամարին: Այստեղից կարելի է ենթադրել, որ միգուցե Քարահունջն այդպիսի մի տաճար է եղել: Որոշ հնագետներ էլ կարծում են, որ այս քարերի առաջնային նշանակությունը պաշտամունքային է եղել կամ էլ դրանք ծիսական քարեր են:
ՈՒշագրավ է այն փաստը, որ աշխարհում Քարահունջի նման մի քանի կառույց կա. Շոտլանդիայում` Կալենիշը, Ռուսաստանում` Ռյազանի կառույցը Օկա գետի ափին և, վերջապես, Մեծ Բրիտանիայում Սթոունհենջը, որին վերագրվում է մոտ 3,5 հազար տարվա հնություն: Այն նույնպես աստղագիտական կառույց է եղել: Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի` Սթոունհենջը կառուցել են կղզի եկած բրիտները (ավելի մանրամասն` տե՛ս «Էկոնոմիկա» հանդես, Ձմեռ N 3(9) 2008-2009 թթ., էջ 52-55): Նրանց մասին 9-րդ դարի անգլո-սաքսոնական ժամանակագրության մեջ գրված է, որ եկել են Արմինիայից և եղել են կղզու առաջին բնակիչները:
Անվիճելի է այն փաստը, որ նմանօրինակ ահռելի և բարդ աստղագիտական կառույց ստեղծելու համար անհրաժեշտ էր ունենալ համապատասխան գիտելիքների` աստղագիտա-մաթեմատիկականից մինչև ճարտարագիտական և շինարարական հսկայական պաշար: Այդպիսի պաշար ստեղծել առանց գրային որևէ համակարգի, իհարկե, հնարավոր չէր: Մի քանի տասնյակ տարվա և անգամ հարյուրամյակների պարբերականությամբ աստղագիտական երևույթների դիտարկումները պահանջում են գրավոր արձանագրում: Առանց գրային համակարգի նման դիտարկումներն անհնարին են: Եվ, իհարկե, գրաճանաչությունը կտրուկ առանձնացնում էր բրիտներին Հյուսիսային Եվրոպայի այն ժամանակվա, փաստորեն, վայրենի տեղաբնիկ ցեղերի մեջ:
Ի դեպ, պետք է նշել, որ «Սթոունհենջ» բառի ստուգաբանությունը ևս առեղծվածային է, քանզի եթե առաջին արմատի նշանակությունը` «Սթոուն», կասկած չի հարուցում և թարգմանվում է որպես «քար» կամ տվյալ ենթատեքստում` «քարե», ապա երկրորդ արմատի` «հենջ»-ի իմաստը երկար ժամանակ չէր հաջողվում բացատրել: Առաջ քաշված բազմաթիվ ենթադրությունների շարքում, սակայն, կա մեկ վարկած, որն առավել հետաքրքիր է. «փունջ» բառի անգլերեն թարգմանությունն է «bunch»` «բանչ» արդի հնչողությամբ: Սա ցույց է տալիս, որ Սթոունհենջ բառի երկրորդ` «հենջ» արմատը մեծ հավանականությամբ ունեցել է, ինչպես և հայերենի «հունջ» արմատը, «փունջ» նախնական իմաստը:
Ամեն տարի հարյուրավոր զբոսաշրջիկներ են շտապում տեսնելու Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող խորհրդավոր քարերի այս խումբը: Եվ որն էլ որ լինի նրանց ճիշտ անունը, կանգնեցման ժամանակաշրջանը կամ նշանակությունը, այս քարերը հայ և, ինչու չէ, համաշխարհային մշակույթի անգնահատելի մի մասնիկն են և արժանի են հոգատարության ու գնահատանքի:
Լուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ